Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն օրինագիծ է պատրաստում, որով կառուցապատողներին կարգելվի հավելյալ վճարներ գանձել բնակարանների գնորդներից։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով իր ղեկավարած կառույցի` 2025 թվականի հաշվետվությունը։
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` նա նշեց, որ կառուցապատողը պայմանագրում ամրագրում է առաջին երեք տարում շենքը սպասարկելու պարտավորություն, բայց չի նշում ո՛չ սպասարկման վճարի չափը, ո՛չ էլ այն, թե ինչ է ենթադրում այդ սպասարկումը։ Եվ արդյունքում, օրինակ, կարող է բնակիչներից լրացուցիչ վճարներ պահանջել վերելակի սպասարկման համար։
«Մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որ ներկայացվածն ու վերջնարդյունքը չեն համապատասխանում իրար, և քաղաքացին համակերպվում է իրավիճակին»,– ասաց Գևորգյանը։
Մեկ այլ խնդիր է նաև այն, որ բնակելի համալիրը չի կառուցվում այնպիսին, ինչպիսին գովազդվում է նախագծում։ Շենքում և դրա շրջակայքում առկա ենթակառուցվածքները (կանաչ գոտիներ, խաղահրապարակներ) կարող են թերի լինել կամ ընդհանրապես բացակայել։
Ըստ հանձնաժողովի նախագծի՝ բնակարանի գնման պայմանագրում պետք է նշվեն բոլոր հարակից ենթակառուցվածքները, սպասարկման վճարները, ինչպես նաև հստակ սահմանվեն շինարարության ժամկետները։ Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում կառուցապատողներին տուգանքներ են սպառնում։
