2025 թվականին «Յանդեքսը» ուժային կառույցների կողմից քաղաքացիների տվյալների բացահայտման վերաբերյալ հարցումների ռեկորդային քանակ է բավարարել։ Այս մասին գրում է «Մոժեմ օբյասնիտ»լրատվականը՝ հղում անելով ընկերության թափանցիկության հաշվետվությանը։ Մեկ տարվա ընթացքում «Յանդեքսը» տեղեկատվություն է տրամադրել 93647 դեպքում (բոլոր հայցերի 85%-ը)։ 2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 57434 բավարարված հարցում կամ իշխանությունների պահանջների ընդհանուր թվի 74%-ը, ինչը նույնպես վերջին հինգ տարիների հակառեկորդն է։ Անցյալ տարի «Յանդեքսն» ուժայիններից ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան 110,7 հազար հարցում. սա վիճակագրության վարման ողջ ընթացքի առավելագույն ցուցանիշն է (2020 թվականից ի վեր)։ 2024 թվականին պետությունը ընկերությանն էր ուղարկել գրեթե 78 հազար հայտ, 2023-ին՝ շուրջ 69 հազար, իսկ Ուկրաինայում պատերազմի առաջին տարում՝ 46,3 հազար։

Ինչպես նախկինում, 2025 թվականի հարցումների մեծ մասը վերաբերել է «Ռայդտեխ» ուղղության ծառայություններին՝ տաքսի, առաքում, ավտոմեքենաների վարձույթ և ինքնագլորների վարձույթ։ Այս ուղղությամբ «Յանդեքսը» ստացել է 87,2 հազար հայտ (79%), որոնցից բավարարվել է 80,8 հազարը (85,4%)։ Ընկերությունն ամենից հաճախ համաձայնում է ռուսաստանցիների տվյալները բացահայտել «Ֆուդտեխ» ծառայություններում, որոնք ներառում են սննդի հետ կապված հավելվածները. տարվա ընթացքում դրանց վերաբերյալ հարցումներ են ստացվել 25,2 հազար անգամ (մոտ 88%-ը հաստատվել է)։ Հաշվետվությունից նաև պարզ է դառնում, որ նկատելիորեն կրճատվել է «Յանդեքս ID» հաշիվների հետ կապված հարցումների մերժման քանակը։ Եթե առաջին կիսամյակում դրանց բաժինը կազմում էր 52%, ապա երկրորդ կիսամյակում այն նվազել է մինչև 36%:

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում իշխանությունները «Յանդեքս ID»-ի վերաբերյալ ուղարկել են գրեթե 4162 հարցում, որոնցից բավարարվել է 2324-ը (55,8%): Արդյունքում ուժայինները հասանելիություն են ստացել օգտատերերի ավելի քան 2,3 հազար հաշիվների։

Բացի այդ, անցյալ տարի օգտատերերը «Յանդեքսից» պահանջել են որոնման արդյունքներից հեռացնել գրեթե 10,5 հազար հղում՝ հիմնվելով «մոռացված լինելու իրավունքի» վրա, որը պարտավորեցնում է որոնման համակարգից ջնջել դիմումատուի տեսանկյունից անհավաստի, արդիականությունը կորցրած կամ անօրինական տեղեկությունների հիշատակումները։ Բավարարվել է խնդրանքների միայն 30%-ը (համեմատության համար՝ 2024 թվականին միայն նման հարցումներով հեռացված հղումների թիվը կազմել է 18 042 կամ հայցվածի 69%-ը)։

2020 թվականի հոկտեմբերից հրապարակվող «Յանդեքսի» հաշվետվությունները ցույց են տալիս, որ վիճակագրության վարման ընթացքում ուժային գերատեսչությունների հայտերի քանակը թռիչքաձև աճել է ավելի քան յոթ անգամ՝ 2020 թվականի առաջին կիսամյակի 15,4 հազարից 2025 թվականին հասնելով գրեթե 110,8 հազարի։ Դրան զուգահեռ նվազել է մերժումների տոկոսը։ Ինչպես նշում է «ՄՕ»-ն, եթե 2020 թվականի առաջին կեսին ընկերությունը հրաժարվել է տվյալներ տրամադրել դեպքերի մոտ 16%-ում, ապա 2025 թվականի երկրորդ կեսին՝ միայն 13%-ում։

Share.