Չենք լսել Ռուսաստանի արձագանքը մեր առաջարկին․ ԱՄՆ-ն պատրաստ է ԼՂ հարցում Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ. ԱՄՆ դեսպան

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները կրկին հայտարարում է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի  հետ զրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին», – ասել է դեսպանը։

«Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին», – ընդգծել է Լին Թրեյսին:

Արձագանքելով հարցին, թե ինչպես է Նահանգները վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպան Թրեյսին ընդգծել է՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:

«Չնայած Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ, որը մեծ ուշադրություն է գրավել աշխարհում, Միացյալ Նահանգները շատ կենտրոնացած է նաև այս տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վրա: Կարծում եմ, որ դա արտացոլվել է հեռախոսազանգերի, շփումների մեջ, որոնք մենք տեսել այս վարչակազմի` իշխանություն ստանձնելուց ի վեր։ Դա ցույց է տալիս Միացյալ Նահանգների, պետքարտուղարի հանձնառությունը` փորձել խուսափել հակամարտությունների վերադարձից, քննարկումները պահել ուշադրության կենտրոնում, գրանցել առաջընթաց, և անել դա դիվանագիտական ճանապարհով», – նշել է ԱՄՆ դեսպանը: