Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում ԼՂ-ում. ԵԽ պատգամավորները դիմում են ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ԵՄ-ին

Մանրամասներ
ա

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ փաստահավաք առաքելություն կազմակերպել և ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին ահազանգերը ստուգելու և իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեցին Եվրախորհրդարանի մի շարք անդամներ, նրանց թվում՝ ԵԺԿ խմբակցությունը ներկայացնող Զելյանա Զովկոն:

Կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը՝ Սոցիալիստների և դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքից, իր հերթին շեշտեց, որ քաղաքակրթությունն ու մշակույթը պետք է հնարավորություն լինեն ժողովուրդներին իրար մոտեցնելու, բարեկամություն ստեղծելու, ոչ թե ատելության և թշնամանքի գործիք դառնան:

«Մենք գործ ունենք մի երկրի մշակութային ժառանգության հետ, և երբ այն ոչնչացվում է՝ դա միջազգային իրավունքի խախտում է: Եվրոպական միությունը պետք է ուշադրություն դարձնի այս ոչնչացմանը, քանի որ դա տեղի է ունենում համակարգված հիմունքներով: Սա մշակութային ցեղասպանություն է, և դրա ճանաչումը կենսական անհրաժեշտություն է: Մենք դա տեսել ենք Սիրիայի Պալմիրայում, մենք դա տեսել ենք Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսում և տեսնում ենք Ղարաբաղում՝ Ադրբեջանի կողմից: Ուստի կարևոր է, որ մենք ճանաչենք այս մշակութային ցեղասպանությունը, որն իրականացվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակույթի հանդեպ», - հայտարարեց Մավրիդեսը: