Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը 3.5 ժամ առաջ, առցանց մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Նա զանգահարել է ինձ, խոսել ենք այդ մասին։ Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը», - պատմեց վարչապետը։
Նա ասաց, թե Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։
«Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։
Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։
Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
0Comments