Ադրբեջանը երեք օդանավակայան է կառուցում՝ Վարանդայում (Ֆիզուլի), Կովսականում (Զանգելան) և Քաշաթաղի շրջանում (Լաչին): Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Վարանդայի օդանավակայանը գործարկվելու է մինչև տարեվերջ, Կովսականինը՝ հաջորդ տարի, Քաշաթաղինը պատրաստ կլինի 2023 թվականին:
Այն, որ այս օդակայանների կառուցումն ունի նաև ռազմական նշանակություն, պարզից էլ պարզ է: Ադրբեջանական կողմը հենց ինքը տարբեր մակարդակներում սկսել է խոսել դրանց ռազմական նշանակության մասին:
Օրինակ, Լաչինի օդանավակայանի համար ընտրված վայրը կամ տեղանքը գտնվում է Քարվաճառից 60 կմ հեռավորության վրա, Շուշիից՝ 70, Լաչինից՝ 30 կմ:
Այն նախատեսված է բոլոր տիպի օդանավերի համար, և հենց այս օդանավակայանն է հատկապես կարևորվում ռազմական նպատակների համատեքստում, քանի որ, ինչպես նշեցինք՝ այն մոտ է ՀՀ-ին սահմանակից Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններին:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում հոդվածագիրը նշում է, որ Լաչինի օդանավակայանի կառուցման հարցում հաշվի են առել «հայկական կողմից հնարավոր սադրանքների հանգամանքը»:
Այսինքն, Ադրբեջանը նաև այս կերպ է պատրաստվում պատերազմին և այն ամենևին ավարտված չի համարում:
Այս համատեքստում ուշադրություն է դարձվում այն հանգամանքի վրա, որ ժամանակակից պատերազմները վարվում են ԱԹՍ-ների և դրոնների կիրառմամբ՝ ի լրացում կենդանի ուժի: Վերը նշված հոդվածում հիշատակվում է Արցախյան վերջին պատերազմում «Բայրաքթարների» արդյունավետ կիրառումը, որի գործողության շառավիղը 150 կմ է:
Ադրբեջանը Կովսականում (Զանգելան) և Քաշաթաղում (Լաչին) օդանավակայանների կառուցմամբ փորձում է ընդլայնել ԱԹՍ-ների արդյունավետ գործողության շառավիղը:
Նշենք, որ մեզ հասած տեղեկություններով, ամենայն հավանականությամբ Լաչինի օդանավակայանը լինելու է Քաշաթաղի շրջանի հյուսիսում, Հակ-Լեռնահովիտ գյուղերի հարակից տարածքում, քանի որ այլ, առավել հարմար սարահարթ չկա Քաշաթաղի շրջանում, որը կարող է համապատասխանել իրենց առջև դրված խնդրի իրագործման համար:
Հակ գյուղը, օրինակ, Ստեփանակերտից ցամաքային ճանապարհով գտնվում է մոտ 100 կմ հեռավորության վրա, օդայինով՝ 30:
Այս գյուղերը վերջին պատերազմի արդյունքում անցան Ադրբեջանի վերահսկողության տակ:
168․am
0Comments