ՀՀ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԹՈւՐՔԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԸ
Ստիպված եմ համարյա կրկնել մոտ մեկ ամիս առաջ արված գրառումս, և նորից մանրամասն բացատրել, թե ինչ հիմնավորմամբ է թուրքական ավիաընկերությունը օգտագործում ՀՀ օդային տարածքը:
ՀՀ-ն և Թուրքիան Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) անդամ պետություններ են:
Համաձայն ICAO կանոնադրության, և Չիկագոյի Կոնվենցիայի (ինչը հանդիսանում է ICAO կազմակերպման հիմնարար փաստաթուղթը) համապատասխան հոդվածի, երկրներն իրավունք չունեն խոչընդոտել միմյանց ավիաընկերությունների թռիչքներին, չտալով օդային տարածքի օգտագործման իրավունք, առանց հիմնարար պատճառի:
ՀՀ գրանցմամբ օդանավերը միշտ էլ առանց խոչընդոտների օգտագործել են Թուրքիայի օդային տարածքը:
Բոլոր թռիչքները դեպի Եվրոպա, Լիբանան, Իսրայել կատարվել են Թուրքիայի օդային տարածքով:
Նմանատիպ մոտեցում է եղել և թուրքական օդանավերի նկատմամբ:
Ավելին` թուրքական ավիաընկերությունները տարիներով կատարել են Երևան-Ստամբուլ թռիչքը:
Մեր երկիրը չունի ՀՀ օդային տարածքը թուրքական օդանավերի կողմից օգտագործելու արգելքի որևէ իրավական հիմք:
Թուրքական կողմի մոտ այդպիսի հիմք առաջացել է ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեին (ՔԱԿ) ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) «սև ցուցակում» ընդգրկելուց հետո:
EASA-ն գրում է` «...Հայաստանը, որպես օդանավ շահագործող երկիր, ի վիճակի չէ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈւՆԸ, ՕԴԱՆԱՎԵՐԻ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԵԼԻՈւԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈւՄԸ միջազգային նորմերի համաձայն...»
Հիշեցնեմ, որ հայկական օդանավերի մուտքը ԵՄ օդային տարածք արգելված է դեռևս անցյալ` 2020 թ. Մարտի 17-ից:
Հաջորդը Իսրայելն էր, որ նույն հիմնավորմամբ արգելեց հայկական «Արմենիա» ընկերության թռիչքները:
Հիմա, այս տարվա Սեպտեմբերից Թուրքիան է մտցնում արգելքը:
Եվ դրանում ոչ մի արտառոց բան չկա:
Ու ինձ համար անհասկանալի է ամիսը մեկ շրջանառության մեջ մտցվող այս աժիոտաժը:
Այլ բացատրություն չունեմ, քան ավելի կարևոր իրադարձություններից ուշադրություն շեղելու համար
Այսքանը:
Հակոբ Ճաղարյան,
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական
0Comments