ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է. Միշուստին

Մանրամասներ

Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունը համատեղ ջանքերի շնորհիվ աստիճանաբար վերականգնվում է կորոնավիրուսի համավարակի ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստում:

«Համավարակի ժամանակաշրջանը ցույց տվեց, որ մեր միությունն ունակ է օպերատիվ և ճկուն կերպով հարմարվել տարատեսակ մարտահրավերներին և փոփոխություններին: Համատեղ ջանքերի շնորհիվ ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Մակրոտնտեսական ցուցանիշներն, ընդհանուր առմամբ, վատը չեն: Առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի թողարկումն ավելացել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4,4 տոկոսով, վերամշակող արդյունաբերությանը՝ 6,5 տոկոսով»,- ասել է ՌԴ վարչապետը:

Վերջինս ԵԱՏՄ երկրներին կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունները թվայնացնելու գործընթացի արագացման ուղղությամբ: «Ինտեգրումը խորացնել կօգնի նաև «հնգյակի» միասնական թվային տարածության ստեղծումը, մենք պետք է պայմաններ ստեղծենք մեր տնտեսությունների թվայնացման համար, առաջադեմ տեխնոլոգիաներ ներդնենք»,- հավելել է Միշուստինը: