ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» անվամբ նոր կայք, այս մասին տեղեկացրեցին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Կայքը աշխատում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
War.karabakhrecords.info հասցեում գործող նոր կայքի նպատակը 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում և պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման և այլ թեմաների վերաբերյալ փաստական տվյալների ներկայացումն է մեկ ընդհանուր բազայում:
Կայքը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.
Ռազմական հանցագործություններ
Ռազմագերիներ
Մշակութային ցեղասպանություն
Ատելության խոսք
Վարձկաններ (սիրիացի ահաբեկիչների ներգրավումը պատերազմին, և Թուրքիայի դերը)
Զեկույցներ (միջազգային և տեղական)
Կայքում ներկայացված տեղեկատվությունը անգլերեն և ռուսերեն լեզուներով տարածվում է նաև «Karabakh Records»-ի համապատասխան սոցցանցային հաշիվներում՝ Թվիթեր, Ֆեյսբուք, Տելեգրամ:
Նյութերը դեռևս մշակման փուլում են: Առաջիկայում բոլոր բաժինները կհամալրվեն: Կայքը թարմացվող է, ունի նաև լրահոսային բաժին՝ ընթացիկ թեմաները ներկայացնելու համար:
«Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքում ամփոփվում են ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի բազայում հավաքված փաստերը, ապացույցները, որոնք ժամանակին նաև տրամադրվել են ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներին, ինչպես նաև՝ այլ պետական գերատեսչությունների: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև միջազգային լրատվամիջոցների՝ Արցախյան երկրորդ պատերազմին ունեցած անդրադարձներին:
Կայքը հասանելի է հետևյալ հղմամբ:
0Comments