«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմը գրեթե բոլոր հարթակներում գոյություն ունեցող հակասություններն ու տարաձայնությունները կտրուկ մի կողմ թողեց՝ դառնալով յուրատեսակ կոնսոլիդացիայի հիմք։
Այս օրերին շատ է խոսվում ռազմաճակատից զատ նաեւ միջազգային եւ դիվանագիտական ճակատներում կազմակերպված պայքար տանելու մասին։ Հանուն արդարության պետք է փաստել, որ ներկա փուլում հայաստանյան ընդդիմությունն իր հերթին հայրենիքի անվտանգության ընդհանուր գործում իր բոլոր հնարավորություններն ու միջազգային կապերը ի նպաստ է դրել, որպեսզի տեղեկատվական համապատասխան չափաբաժին ապահովվի՝ ճշմարտությունը տեղ հասցնելու նպատակով։
Այս ընթացքում բավական ակտիվ են ու մեծ ծավալի աշխատանք են իրականացնում արտերկրում գործող հայկական կազմակերպությունները, անհատներն ու լոբբիստական խմբերը, որոնք անգնահատելի աշխատանք են տանում իրենց երկրներում։ Դրա արդյուքն են ոչ միայն մարդաշատ բողոքի ակցիաներն ու երթերը, Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ստացվող ֆինանսական հոսքերը, այլեւ լոբբիստական բուռն աշխատանքը՝ աշխարհին ճշմարտությունը հասցնելու եւ դա առարկայացնելու համար։
Փաստն այն է, որ արդեն իսկ առանձին երկրների խորհրդարաններ ընդունել են Թուրքիայի ռազմական միջամտությունը, ահաբեկիչների ներգրավումը դատապարտող բանաձեւեր։ «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նման բանաձեւեր կընդունեն նաեւ այլ երկրների խորհրդարաններ: Վերջապես, մյուս կողմից, այն հանգամանքը, որ որեւէ երկրի օրենսդիր մարմնի քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետությունը ճանաչելու բանաձեւ, անկախ դրա վերջնական ելքից, արդեն իսկ խոսուն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments