Փաշինյանը հերքել է ԼՂ խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը

«Մեր օրակարգում նման հարց չկա»

Հայաստանը չի դիտարկում միջազգային խաղաղապահ ուժերը արցախյան հակամարտության գոտի մտցնելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է interfax.ru կայքը:

«Մեր օրակարգում նման հարց չկա», - ասել է Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Լույս սեպտեմբերի 28-ին մարտական գործողությունները շարունակվել են, մեր ԶՈւ-երը ունեցել են նշանակալի հաջողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փարձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սակայն դեռ հանգիստ չէ, մարտերը շարունակվում են, որոշ տեղերում հրետանային մենամարտեր են: Մեր զորքերի մասին ադրբեջանական կողմի հայտնած կորուստները չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 81 զինծառայող։ Երեկ և այսօր հրապարակվել են նրանց անունները։

նիկոլ