Սիրելի ժողովուրդ, եկել, հասել ենք մի կետի, որ ունենք ու պատկերացնում եք, միևնույն ժամանակ և խաղաղություն, և պետություն ունենալու հնարավորություն, և խաղաղություն, և անկախություն ունենալու հնարավորություն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23–ին, իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ուղերձը նվիրված է նոր սահմանադրության նախագծին, որը հրապարակվել է այսօր հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։
Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել։ Հենց սրա հետ է նրանց խնդիրը, հենց սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։
Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչո՞ւ։ Քանի որ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով պակաս են նոր սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանը արել եմ հետևյալ առաջարկը և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում ձեր բոլորի աչքի առաջ պատասխանատու կերպով։
Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։ Այդպիսով հնարավորություն կստեղծվի, որ նոր սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիներդ հանրաքվեի արդյունքներով։
Առաջարկի շարունակությունը հետևյալն է. եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրությանը նոր սահմանադրությունը չընդունվի ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից իսկ եթե դուք այսինքն ժողովուրդը կողմ քվեարկի սահմանադրությանը ես հաջորդ ընտրություններում հերթական թե արտահերթ, այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Իսկ մինչև հաջորդ ընտրությունը ընկած ժամանակահատվածում, որպես վարչապետ կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը համոզված եմ տեղի կունենա։
Այսպիսով, Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ այլևս չպիտի ընտրություն կատարենք խաղաղության և պետության, խաղաղության և անկախության, խաղաղության և բարեկեցության, խաղաղության և ժողովրդավարության միջև։ Մենք պետք է ունենանք և խաղաղություն, և անկախություն, և պետություն, և բարեկեցություն, և ազատություն, և ժողովրդավարություն։
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, ահա մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։ Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին։ Հույս ունեմ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Տիրոջը, այսինքն ժողովրդին։ Փառք նահատակներին, և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
