Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իրանի դեմ ռազմական ագրեսիան։ Երեք երկրները հայտարարել են, որ իրանական միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսչական ստուգումները կարող են վերսկսվել միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից և անվտանգության համապատասխան երաշխիքների տրամադրումից հետո։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Parstoday-ը:
Հայտարարության համաձայն՝ ստուգումների վերսկսման համար անհրաժեշտ է ոչ միայն դադարեցնել ռազմական գործողությունները, այլև վերացնել ագրեսիայի վերսկսման բոլոր սպառնալիքները և տրամադրել համոզիչ երաշխիքներ, որ նման հարձակումներն ու դրանց սպառնալիքներն այլևս չեն կրկնվի։
Երեք երկրները նաև ընդգծել են, որ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների անվերապահ կատարման պահանջը՝ առանց հաշվի առնելու ռազմական գործողությունների հետևանքով առաջացած օբյեկտիվ խոչընդոտները, չի նպաստում Իրանում գործակալության ստուգողական գործունեության լիարժեք վերականգնմանը։
Համատեղ հայտարարության մեջ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը հիշեցրել են նաև, որ չնայած ստեղծված ծայրահեղ բարդ պայմաններին՝ 2026 թվականին Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ին իրականացնել Բուշերի ատոմակայանում նախատեսված բոլոր ստուգումները։
