Գերմանիայի զինված ուժերն արգելել են չինական արտադրության անօդաչու թռչող սարքերի օգտագործումը զորամասերի և ռազմական զորավարժարանների տարածքում։ Դրանք կփոխարինվեն գերմանական կամ եվրոպական արտադրության սարքերով։ Այս մասին հայտնում է Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին։
Արգելքը տարածվել է նաև BYD, Geely և չինական այլ մակնիշների ավտոմեքենաների վրա։ Դրանց սեփականատերերը պարտավոր են մեքենաները թողնել ռազմական օբյեկտների անվտանգության գոտուց դուրս և ծառայության վայր հասնել ոտքով։
Որոշման պատճառը մտավախությունն է, որ չինական տեխնիկայի տեսախցիկներն ու տվիչները կարող են գաղտնի տեղեկություններ հավաքել և փոխանցել Չինաստանի հատուկ ծառայություններին, այդ թվում՝ զորավարժությունների, սպառազինության համակարգերի և ռազմական օբյեկտների մասին։
