Բուլղարիայի Վառնա քաղաքում բողոքի ակցիա է անցկացվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի դեմ։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի հեռագրական գործակալությունը (ԲՏԱ)։
«Վառնան խաղաղություն է ուզում, ոչ թե պատերազմ» կարգախոսով ցույցը կազմակերպել էին «Վերածնունդ» կուսակցության կողմնակիցները։ Մասնակիցները Եվրահանձնաժողովի նախագահին դիմավորել են «Ուրսուլա՛, այստեղ ձեզ չեն ողջունում» վանկարկումներով և քաղաքից հեռանալու կոչերով։
Ցուցարարները նաև բուլղարերեն, անգլերեն և գերմաներեն գրություններով պաստառներ էին պահել՝ ֆոն դեր Լայենից պահանջելով հեռանալ Բուլղարիայից։
ԲՏԱ-ի տվյալներով՝ երբ Եվրահանձնաժողովի նախագահի ավտոշարասյունը հասել է Նիկոլա Վապցարովի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանի շենքի մոտ, ցուցարարները ավտոշարասյան ուղղությամբ մրգեր, բանջարեղեն և ձվեր են նետել։
