BILD-ը հայտնում է, որ տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը մեծ գումարներ է ծախսում՝ ԱՄՆ-ի քաղաքական ուղղության վրա ազդեցություն ունենալու համար։ Նրա գլխավոր նպատակն է պահպանել հանրապետականների մեծամասնությունը Սենատում։ Այդ նպատակով Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը ֆինանսապես աջակցում է բազմաթիվ հանրապետական թեկնածուների։
Հատկապես մեծ գումարներ Մասկը ներդրել է Տեխասում ընթացող նախընտրական պայքարում։ Հանրապետական Քեն Փաքսթոնը, որը մինչ այժմ զբաղեցնում էր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը, առաջադրվել է Սենատի անդամի թեկնածու։ Մի քանի շաբաթվա ընթացքում նրա նախընտրական քարոզարշավին շուրջ 158 միլիոն դոլար է հատկացվել։
Տեխասում հանրապետական թեկնածուն այժմ գրեթե հավասար պայքար է մղում դեմոկրատ Ջեյմս Թալարիկոյի հետ։ OpenSecrets ոչ առևտրային կազմակերպության ներկայացուցիչ Բրենդան Գլեյվինը CNN-ին ասել է, որ Մասկն իր ֆինանսական աջակցությամբ կարող է «միայնակ փոխել ընտրությունների ընթացքը»։
Մասկն իր X հարթակում նույնպես քարոզչություն է իրականացնում դեմոկրատ թեկնածուի դեմ։ Միլիարդատերը պնդում է, որ Թալարիկոն ատում է Տեխասն ու Ամերիկան և ցանկանում է երեխաներին տրանսգենդեր դարձնել։
Ի պատասխան՝ Թալարիկոն կոշտ քննադատության է ենթարկել քաղաքական համակարգը՝ հայտարարելով, որ այն թույլ է տալիս տրիլիոնատիրոջը գնել սեփական սենատորին։
Նախնական տվյալներով՝ Մասկն ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունների համար արդեն ավելի քան 440 միլիոն դոլար է նվիրաբերել։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Վերջնական գումարը, հավանաբար, հայտնի կդառնա միայն նոյեմբերի 3-ին կայանալիք քվեարկությունից հետո։
