Իրանի բանակն ուժեղացրել է անհամաչափ պատերազմ վարելու հնարավորությունները, այդ թվում՝ մարտական անօդաչու թռչող սարքերի հաշվին, և պատրաստ է արձագանքել հնարավոր սպառնալիքներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին՝ հարվածային դրոնների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններից մեկը այցելելու ժամանակ, հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Հաթամին նշել է, որ անօդաչու համակարգերը՝ թռչող սարքերից մինչև վերգետնյա դրոններ և միկրոանօդաչուներ, ավելի լայն կիրառություն են ստացել և առանձնահատուկ տեղ են զբաղեցնում երկրի պաշտպանական ռազմավարության մեջ։ Բանակի սպառազինության զգալի մասն, ընդգծել է նա, մշակվել է անօդաչուների, մասնավորապես Arash շարքի սարքերի կիրառումը հաշվի առնելով։
Հրամանատարը հայտնել է, որ բանակը զբաղվում է նման համակարգերի արտադրությամբ, բաշխմամբ և սպասարկմամբ, ինչպես նաև զինծառայողների պատրաստմամբ՝ դրանց կիրառման համար։ Նրա գնահատմամբ՝ իրանական զինված ուժերը հասել են անօդաչու տեխնոլոգիաներին տիրապետելու բարձր մակարդակի, իսկ բանակն ինքնին զգալի առաջընթաց է գրանցել ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով՝ ասիմետրիկ դիմակայության համար նախատեսված հագեցվածության մեջ։
«Իրանի սիրելի ժողովրդին հավաստիացնում ենք, որ գտնվում ենք լավ վիճակում»,- հայտարարել է Հաթամին։ Նա հավելել է, որ բանակի բոլոր չորս զորատեսակները պահպանում են բարձր մարտունակություն, իսկ զինծառայողները շարունակում են առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ սպառազինության արտադրությունը։
Առանձին անդրադառնալով Հորմուզի նեղուցից արևելք տիրող իրավիճակին՝ հրամանատարը նշել է, որ այնտեղ իրանական ռազմածովային ուժերը ակտիվ ներկայություն են պահպանում ծովում և ափամերձ գոտում։ Հաթամին պնդում է, որ հակառակորդը չի համարձակվում մտնել Օմանի ծոց, քանի որ հասկանում է, որ այդ շրջանի իրավիճակը վերահսկում են իրանական ուժերը։
«Ցանկացած թշնամական նավ, որը կմտնի այս շրջան, անպայման կդառնա թիրախ»,- զգուշացրել է գեներալը։ Նա հայտարարել է նաև, որ Իրանը ծովային շրջափակումը դիտարկում է որպես պատերազմի մաս և հակառակորդ է համարում այն կողմին, որը դա իրականացնում է։
Խոսելով Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում և Օմանի ծոցում նավագնացության կանոնների մասին՝ Հաթամին հայտնել է վերահսկողության տարբեր միջոցների տեղակայման մասին, ներառյալ ծովային ականներն ու ավտոմատացված համակարգերը։ Նա մյուս երկրներին կոչ է արել համակարգել գործողությունները Իրանի զինված ուժերի հետ՝ հնարավոր հետևանքներից խուսափելու համար։
