Երեքշաբթի, 20 Հոկտեմբերի

Երեքշաբթի օրն Օսլոյում կայանալիք հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը մտադիր է համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն գնալ տարածքային զիջումների՝ Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT):

Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գնալով ավելի վճռական է տրամադրված «Զելենսկուն գործարք պարտադրելու» հարցում։ Վաշինգտոնը մտադիր է ուկրաինացի առաջնորդին բացատրել, որ Կիևի համար ամեն գնով տարածքներ պահելն արդարացված չէ։ Միևնույն ժամանակ, ինչպես պնդում է NYT-ն, Ուկրաինան նույնպես կարող է շահել, եթե չառարկի հնարավոր համաձայնագրի դեմ։

Թրամփի օգնականները ներկա պահը որակում են «բեկումնային» և կարծում են, որ Զելենսկին պետք է ցույց տա Մոսկվայի հետ պայմանավորվելու իր պատրաստակամությունը, «նույնիսկ եթե դա նշանակում է տարածքներ զիջել»։

«Հենց սա է լինելու Օսլոյում երեքշաբթի օրը Զելենսկուն փոխանցվելիք ամերիկյան ուղերձը», — գրում է NYT-ն։

Հոկտեմբերի 20-ին Զելենսկու հետ կհանդիպի Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Բանակցություններին հեռավար ձևաչափով կմիանա նաև ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Քննարկումներին կմասնակցեն նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Axios-ն ու Reuters-ը, Օսլոյում կայանալիք բանակցություններից հետո Ուիթքոֆը նախատեսում է մեկնել Մոսկվա։

Share.