Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով, որ սահմանային վերահսկողության ընթացքում հայկական ծագման կանաչ թեյում հայտնաբերվել են թունաքիմիկատների մնացորդներ։ Հաղորդվել էր, որ հայտնաբերված խախտումների մասին լատվիական ծառայությունը տեղեկացրել է Սննդամթերքի և կերի արագ ահազանգման եվրոպական համակարգին (RASFF)։
Սակայն Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունից CivilNetCheck-ին հայտնել են, որ հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։ Իրականում թեյը չինական ծագման է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։
«#CivilNetCheck-ը հոկտեմբերի 19-ին գրավոր հարցում է ուղարկել Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է գերատեսչության հաղորդագրությունում թեյը ներկայացվել որպես հայկական ծագման, մինչդեռ Եվրահանձնաժողովի տվյալներում նշված է Չինաստանը։
Ի պատասխան՝ ծառայության սահմանային վերահսկողության վարչության ավագ փորձագետ Ագիտա Վոլֆան (Agita Volfa) հայտնել է, որ հաղորդագրությունում սխալ է թույլ տրվել։
«Սննդի և անասնաբուժության ծառայությունը ներողություն է խնդրում տվյալ թեյի ծագման երկրի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության անճշտության համար։ Ցանկանում ենք պարզաբանել, որ թեյը ծագումով Չինաստանից է և ներմուծվել է Ուզբեկստանից։ Ցավում ենք, որ հրապարակված տեղեկատվությունը կարող էր թյուրիմացությունների կամ սխալ պատկերացումների պատճառ դառնալ», – հայտնել է Վոլֆան։
Նա հայտնել է, որ գերատեսչությունը կկատարի անհրաժեշտ ուղղումները՝ հրապարակված տեղեկության ճշգրտությունն ապահովելու համար։
Այսպիսով, Լատվիայի պետական մարմինը պաշտոնապես հաստատել է, որ թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը հայկական ծագման չէ։ Այն ծագումով Չինաստանից է և Լատվիա է ներմուծվել Ուզբեկստանից։ Հայաստանի մասին տեղեկությունը հայտնվել է գերատեսչության հաղորդագրությունում թույլ տրված սխալի հետևանքով»,- գրել է CivilNetCheck-ը։
