Իրանի կենտրոնական ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ տեղեկություններ ունի տարածաշրջանի մի շարք երկրների աջակցությամբ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ի նախապատրաստությունների մասին, հայտնում են պետական ԶԼՄ-ները։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած հարձակում իր հետևից պատասխան հարվածների շարք կբերի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների և օբյեկտների ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, հրամանատարությունը նաև զգուշացնում է, որ Իրանի դեմ ամերիկյան ագրեսիային աջակցող տարածաշրջանային երկրները կդիտարկվեն որպես հակամարտության կողմ։
Ընդգծվում է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ, իսկ Իրանի իշխանությունները բանակցությունների չեն գնա, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունել իրենց պայմանները, այդ թվում՝ պատերազմի դադարեցումը, իրանական ակտիվների ապասառեցումն ու ծովային շրջափակման վերացումը։
Կիրակի օրը Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ խորհում է Իրանի հետ հետագա քայլերի շուրջ, և կարծում է, որ համեմատաբար մոտ ապագայում կարելի է ակնկալել իրադարձությունների զգալի զարգացում։
