Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ավարտել է իր Eternal Sunshine համերգային շրջագայությունը և հայտարարել, որ որոշ ժամանակով հեռանում է հանրային կյանքից։ Լոնդոնում կայացած վերջին համերգի ընթացքում նա հուզվել է՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար և նշելով, որ այս շրջագայությունն իր կյանքի ամենահիշարժան փորձառություններից էր։
Գրանդեն ավելի վաղ հայտնել էր, որ դադար է վերցնում՝ ամիսներ շարունակ իր առողջության և արտաքինի շուրջ հանրային քննարկումներից հետո։ Նա նաև հրաժարվել է մի շարք առաջիկա հանրային նախագծերից։
Երգչուհին վստահեցրել է, որ որոշումն ընդունել է գիտակցված և ցանկանում է ժամանակ հատկացնել իրեն, ինչպես նաև կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։ Երկրպագուները սոցիալական ցանցերում աջակցություն են հայտնել նրա որոշմանը՝ մաղթելով հանգիստ և շուտափույթ վերադարձ։
