Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ամփոփել է Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների՝ 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացրած աշխատանքների արդյունքները և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները։
Ինչպես տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցկացրել են հրամանատարաշտաբային, շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, ինչպես նաև սեմինար-պարապմունքներ, վարժանքներ և իրազեկման միջոցառումներ։ Դրանք ուղղված են եղել քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ բնակչության իրազեկվածության, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և գործելու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածության բարձրացմանը։
Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ շարունակվել է արդյունավետ համագործակցությունը տեղական և միջազգային գործընկեր կառույցների հետ։ Հեղեղների առաջացման ռիսկերի նվազեցման և հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են գետերի հուների և հեղեղատարների մաքրման աշխատանքներ։
