Գերմանիայի ֆինանսների նախարար և փոխկանցլեր Լարս Քլինգբայիլը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ պատերազմը՝ այն անվանելով «անպատասխանատու»։ Այդ մասին նա հայտարարել է գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ, որտեղ մասնակցելու է G20 երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը։

«Սա ամենակարևոր ուղերձն է, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար․ դադարեցրեք այս պատերազմը», — հայտարարել է Քլինգբայիլը։

Նա նաև Թրամփի վրա է դրել վառելիքի գների աճի պատասխանատվությունը։ Գերմանացի նախարարը նշել է, որ բենզալցակայաններում գների բարձրացումը Իրանի դեմ ամերիկյան նախագահի սկսած պատերազմի հետևանքներից մեկն է։

G20 երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն երկուշաբթի և երեքշաբթի օրերին Հյուսիսային Կարոլինա նահանգի Էշվիլ քաղաքում։ Հանդիպումը կանցկացվի «քսանյակի» առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստության շրջանակում, որը կկայանա այս տարի ավելի ուշ՝ Մայամիում։

ԱՄՆ մեկնելուց առաջ Քլինգբայիլը կրկին հանդես է եկել ԵՄ մակարդակով նավթային ընկերությունների գերշահույթի հարկ սահմանելու օգտին։ Նա մեղադրել է էներգետիկ ընկերություններին աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին չափազանց մեծ եկամուտներ ստանալու մեջ։

«Նրանք լցնում են իրենց գրպանները, և դրան պետք է վերջ դնել», — հայտարարել է նախարարը։

Նման հարկի հնարավոր ներդրման հարցը նախատեսվում է քննարկել ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ Դուբլինում՝ սեպտեմբերի 19-ին։

Share.