Օգոստոսի վերջին տասնօրյակում եղանակը որոշել է մեզ անակնկալներ մատուցել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայհիդրոմետի» կանխատեսումների համաձայն օգոստոսի 23-ից 24–ն ընկած ժամանակահատվածում Իրաքի շրջաններից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը, հատկապես ցերեկային ժամերին, Հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 21-ի համեմատ կբարձրանա 5-6 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին, լեռնային մարզերում հասնելով մինչև 32-33 աստիճանի, նախալեռնային գոտիներում սպասվում է մինչև 36-37 աստիճան տաքություն, իսկ հովտային գոտիներում, որոնք են Արարատյան դաշտը, Երևանը, Սյունիքի հովտային գոտին, օգոստոսի 24-ին ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև 38-40° տաքություն։

Բարձր ջերմային ֆոնը կտևի ընդամենը երեք օր՝ օգոստոսի 23-ին, 24-ին և 25-ին, օգոստոսի 26-ից սկսած այդ արևադարձային տակոթի ալիքը աստիճանաբար կնահանջի և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։

Օգոստոսի 21-ից 24-ին Հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ և միայն օգոստոսի 25-ին և 26-ին երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։

Share.