Գերմանիան զինծառայողների հավաքագրման անսովոր արշավ է սկսել․ Բունդեսվերի գովազդային նյութերն այժմ ամբողջ երկրում տեղադրում են քյաբաբի փաթեթների վրա։ QR կոդը հնարավորություն է տալիս հավանական թեկնածուներին տեղեկանալ գերմանական բանակի բժշկական ստորաբաժանումներում ծառայության անցնելու հնարավորության մասին։

Ինչպես Berliner Kurier պարբերականին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, արշավը նախատեսված է ոչ միայն մասնագիտություն ընտրող երիտասարդների, այլև արդեն աշխատող և գործունեության ոլորտը փոխելու հնարավորությունը դիտարկող մարդկանց, ինչպես նաև որակյալ մասնագետների համար։

Նախարարությունում նման գովազդը կոչում են «ambient advertising»՝ գովազդ սովորական առօրյա միջավայրում։ Գաղափարն այն է, որ հավանական նորակոչիկներին դիմեն այնտեղ, որտեղ նրանք անցկացնում են իրենց սովորական օրը, և ոչ միայն ավանդական գովազդային ալիքների միջոցով։

Ընդ որում, քյաբաբ վաճառող հաստատությունների սեփականատերերն արշավին մասնակցելու համար գումար չեն ստանում։ Նրանք կամավոր համաձայնում են օգտագործել հատուկ փաթեթավորում, որը պաշտպանության նախարարությունը տրամադրում է անվճար։

Այս անսովոր քայլը կապված է գերմանական բանակի առջև կանգնած լուրջ խնդրի հետ․ Բեռլինը ձգտում է առաջիկա տարիներին զգալիորեն մեծացնել Բունդեսվերի թվակազմը։

Հուլիսի վերջի դրությամբ գերմանական զինված ուժերում ծառայում էր 186 705 զինծառայող․ սա վերջին 13 տարվա առավելագույն ցուցանիշն է։ Սակայն Գերմանիան մտադիր է մինչև 2035 թվականը բանակի թվակազմը հասցնել ավելի քան 260 հազար մարդու՝ ՆԱՏՕ պահանջները կատարելու համար։

Այսպիսով, առաջիկա տասնամյակում Գերմանիային անհրաժեշտ կլինի ներգրավել մոտ 73 հազար լրացուցիչ զինծառայող։

Share.