Երկիր մոլորակի վրա այսօր առավոտյան սկսվել է անսպասելի՝ մոլորակային մասշտաբի մագնիսական փոթորիկ։ Այժմ այն գնահատվում է որպես թույլ և, ըստ գիտնականների կանխատեսումների, կարճատև կլինի։ Տեղեկությունը հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայից:
Մագնիսական աստղադիտարանների համաշխարհային ցանցերը գեոմագնիսական փոթորիկը գրանցել են Մոսկվայի ժամանակով 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ժամը 09:00-ի սահմաններում դրա հզորությունը հասել է G1 մակարդակի:
Գիտնականները նշում են, որ գեոմագնիսական վիճակի որոշակի վատթարացում սպասվում էր, բայց ենթադրվում էր, որ այն կսահմանափակվի թույլ խանգարումներով: Մինչև վերջին պահը Երկրի մերձակայքում արևային քամու պարամետրերը նույնպես ցածր էին, ուստի գեոմագնիսական դաշտի` փոթորկի վիճակի անցնելու պատճառները դեռ լիովին պարզ չեն:
Լաբորատորիայի կանխատեսմամբ՝ ակտիվ փուլը կարճ կտևի. Մոսկվայի ժամանակով արդեն կեսօրին Երկրի մագնիսական դաշտը կարող է վերադառնալ թույլ վիճակի: Ընդ որում, գեոմագնիսական իրադրության ամբողջական կայունացման համար կարող է պահանջվել ևս 2-3 օր։
Ներկայում Երկիրը գտնվում է խոշոր պսակի անցքի ազդեցության գոտում: Քանի դեռ մոլորակը դուրս չի եկել դրանից, գիտնականները գեոմագնիսական ակտիվության կրկնությունները չեն բացառում։
Ներկայիս մագնիսական փոթորիկն օգոստոսի սկզբից ի վեր արդեն երրորդն է։ Նախորդ երկուսն արձանագրվել են օգոստոսի 2-ին և 8-ին։ Միևնույն ժամանակ, բոլոր երեք իրադարձությունները եղել են չափավոր ազդեցության՝ չգերազանցելով 5– բալանոց սանղդակի G2 մակարդակը:
