Իրանի զինված ուժերն ունեն բալիստիկ հրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար։ Այդ մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր հրթիռների հնարավորություններն այլևս այնպիսին չեն, ինչպես նախկինում, երբ դրանք պարզապես արձակվում էին մի կետից և վայրէջք կատարում մյուսում: Մեր հրթիռները կառավարվող են, և դրանցից մի քանիսն անգամ ընդունակ են փոխելու իրենց հետագիծը՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար», – մեջբերում է նրա խոսքերը Fars գործակալությունը։

Մոհեբին պարզաբանել է, որ նույնիսկ եթե հրթիռի համար որոշակի թիրախ է սահմանված, այն կարելի է փոխել հենց թռիչքի կեսին և երկրորդային թիրախ նշանակել։

ԻՀՊԿ ներկայացուցչի խոսքով՝ ժամանակակից պատերազմը վերածվել է տեխնոլոգիաների պատերազմի, որտեղ հակառակորդները մրցում են գիտության, արհեստական բանականության ոլորտում, և հաղթում է նա, ում տեխնոլոգիաներն ավելի առաջադեմ են դուրս գալիս:

Share.