Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների մեծ մասը բաժին է հասնելու խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։

Ըստ հանձնաժողովների ղեկավար պաշտոնների բաշխման՝ 12 մշտական հանձնաժողովներից 9-ի նախագահները կլինեն ՔՊ-ից։

«Քաղաքացիական պայմանագրին» բաժին են հասնում աշխատանքի և բարեկեցության, առողջապահության, արտաքին հարաբերությունների, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի, եվրոպական ինտեգրման, պաշտպանության և անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կղեկավարի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովները։

«Հայաստան» խմբակցությանը բաժին է հասնում 1 հանձնաժողովի նախագահի պաշտոն․ այս ընդդիմադիր ուժը կղեկավարի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։

Հիշեցնենք` այսօր ԱԺ–ն հաստատեց, որ նոր խորհրդարանը կունենա 12 մշտական հանձնաժողով։

Share.