Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության՝ ազգային շահերը պաշտպանելու համար, սակայն ճնշման տակ չի համաձայնի հրաժարվել երկրի ինքնիշխանությունից և պաշտպանական ներուժից, հայտնել է Tasnim-ը։

Իրանի ժողովրդին ուղղված ուղերձում Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը չի սկսել պատերազմը, իսկ բանակցությունների մեջ մտնելու որոշումը կայացվել է ազգային շահերը պաշտպանելու և անհարկի սրացումը կանխելու համար։

Նախագահը հերքել է հաղորդումները, թե իր կառավարությունն իբր ստիպել է երկրի ղեկավարությանը համաձայնել բանակցություններին։ Նրա խոսքով՝ առանցքային որոշումները կայացվել են Իրանի ղեկավարության հետ համակարգմամբ և նրա հավանությամբ։

Փեզեշքիանը հայտնել է, որ դիվանագիտական ջանքերի ընթացքում Իրանը համաձայնություններ է ձեռք բերել եվրոպացի ներկայացուցիչների հետ, սակայն հետագայում եվրոպական երկրները, նրա խոսքով, հրաժարվել են ինքնուրույն դիրքորոշումից և սկսել են ձգտել գործարկել snapback մեխանիզմը՝ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու համար։

Իրանի նախագահն ընդգծել է, որ դիվանագիտությունն ու պաշտպանությունը չեն հակասում միմյանց, իսկ բանակցությունները կարող են համապատասխանել իր երկրի շահերին, եթե այն դրանք վարում է ուժի դիրքերից։

Միևնույն ժամանակ, Թեհրանը չի համաձայնի իր ռազմական և պաշտպանական հնարավորությունների ապամոնտաժման պահանջներին։

«Իրանը երբեք չի հրաժարվի իր ռազմական և պաշտպանական հզորությունից և նրանց առաջ չի խոնարհվի», — հայտնել է Փեզեշքիանը։

Նա նաև զգուշացրել է, որ Իրանի հակառակորդները ձգտում են երկիրը զրկել ինքնապաշտպանության հնարավորությունից և այն դնել Գազային նմանվող իրավիճակում։

Փեզեշքիանը հայտնել է, որ Թեհրանը մտադիր չէ հարձակվել այլ պետությունների վրա, գրավել տարածքներ կամ ընդլայնել իր սահմանները։ Նրա խոսքով՝ Իրանը ձգտում է խաղաղ համակեցության հարևանների հետ։

Խոսելով հակամարտությունից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նախագահը նշել է, որ Իրանը ստացել է զգալի առավելություններ՝ չհամաձայնելով անընդունելի զիջումների։ Մասնավորապես, նա հիշատակել է Հորմուզի նեղուցը․ նրա խոսքով՝ Իրանը համաձայնել է նավերին թույլ տալ անցնել դրանով՝ իր կանոններին համապատասխան, մինչդեռ մյուս կողմը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները։

Փեզեշքիանը նաև հայտնել է Իրանի հարաբերությունների բարելավման մասին հարևան երկրների հետ։ Նրա խոսքով՝ հաջողվել է լուծել բազմաթիվ վաղեմի խնդիրներ և էապես ամրապնդել երկկողմ կապերը։ Նա մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ տրամադրելու փորձերի մեջ և հայտարարել, որ Թեհրանը ձգտում է թույլ չտալ նման պառակտում։

Իրանի նախագահն ընդգծել է, որ մուսուլմանական երկրներին եղբայրներ է համարում և կոչ է արել թույլ չտալ հակամարտություններ նրանց միջև։ Նրա խոսքով՝ ներքին տարաձայնությունները կարող են արտաքին ուժերի կողմից օգտագործվել Իրանի դեմ։

Փեզեշքիանը հերքել է նաև հաղորդումները կառավարության, դիվանագիտական գերատեսչության և զինված ուժերի միջև պատերազմի և բանակցությունների հարցերով տարաձայնությունների մասին։ Նա հայտնել է, որ բոլոր առանցքային որոշումներն ընդունվել են ազգային անվտանգության համապատասխան մարմինների միջոցով, իսկ ռազմական և ուժային կառույցներն աջակցել են դրանց։

«Կառավարությունը լիովին համակարգված է զինված ուժերի հետ», — ընդգծել է Իրանի նախագահը։

Նա նաև հերքել է Իրանի գերագույն առաջնորդի հետ տարաձայնությունների մասին հաղորդումները՝ հայտարարելով, որ իր կառավարությունը հետևողականորեն հավատարիմ է մնացել երկրի ղեկավարության քաղաքականությանը։

Ամփոփելով՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ քաղաքական, ուժային և ռազմական ինստիտուտների միասնությունն անհրաժեշտ է Իրանին՝ արտաքին ճնշմանը դիմակայելու և տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերները հաղթահարելու համար։

Share.