Իրանի հետ ԱՄՆ-ի պատերազմի մեկնարկից հինգ ամիս անց ամերիկացիները, որոնք սպասում են Մերձավոր Արևելքում քաոսի խորացմանը, զգալիորեն գերակշռում են նրանց, ովքեր հակամարտությունը համարում են տարածաշրջանի կայունացման գործոն։ Դրա մասին են վկայում Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները։
Ըստ հետազոտության, որն ավարտվել է երկուշաբթի, հարցվածների 50%-ը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան ռազմական գործողությունները առաջիկա մեկ տարվա ընթացքում կհանգեցնեն Մերձավոր Արևելքի ապակայունացմանը։ Միայն 17%-ն է կարծում, որ պատերազմը, հակառակը, տարածաշրջանը կդարձնի ավելի կայուն։ Եվս 16%-ը կարծում է, որ իրավիճակը չի փոխվի, իսկ 17%-ը դժվարացել է պատասխանել։
Հարցումը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունների ֆոնին, որը կրկին հրաժարվել է Իրանին «լայնածավալ հարվածներ» հասցնելու սպառնալիքներից։ Սա մեծացրել է հակամարտության շուրջ անորոշությունը, որը ամերիկացի առաջնորդը նախկինում անվանել էր արագ հաղթանակով ավարտվելուն ընդունակ։
Ամերիկացիները նաև մտահոգություն են հայտնել բենզինի գների աճի կապակցությամբ։ Այն բանից հետո, երբ Իրանը սահմանափակեց նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ աշխարհի նավթի մատակարարման առանցքային ուղիներից մեկով, հարցման մասնակիցների 58%-ը հայտարարել է, որ սպասում է վառելիքի գների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացմանը։ Միայն 15%-ն է ակնկալում դրանց նվազում։
Նմանատիպ մտավախություններ հարցվածները հայտնել են նաև Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ․ մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է վատթարանալ։ Բացի դրանից, ամերիկացիներն անհանգստություն են հայտնել աշխարհում լարվածության նոր օջախների հնարավոր առաջացման պատճառով։
Հարցման արդյունքները կարող են քաղաքական ռիսկեր ստեղծել Թրամփի և հանրապետականների համար՝ նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ 2025 թվականի հունվարին Սպիտակ տուն վերադառնալով՝ Թրամփը խոստացել էր խուսափել «հիմար պատերազմներից», ինչը նրան օգնեց գրավել ընտրողներին, որոնք հոգնել էին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո տասնամյակներ տևած ռազմական արշավներից։
Միևնույն ժամանակ հանրապետականների շրջանում պահպանվում են տարաձայնությունները Իրանի հետ պատերազմի հետևանքների վերաբերյալ։ Թեև Հանրապետական կուսակցության կողմնակիցների 80%-ը հավանություն է տալիս Թրամփի աշխատանքին նախագահի պաշտոնում, իսկ 66%-ը աջակցում է նրա գործողություններին Իրանի նկատմամբ, սակայն հանրապետականների միայն 41%-ն է կարծում, որ պատերազմը կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի բարելավմանը։
Հակամարտությունն արդեն ուղեկցվել է հարևան երկրներին և առևտրային նավերին իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներով, ինչպես նաև Լիբանանում ռազմական գործողությունների նոր սրմամբ, որոնց ինտենսիվությունը նվազել է ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարից հետո։
ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով նախկին օգնական Դևիդ Շենքերը հայտարարել է, որ հակամարտության տնտեսական հետևանքները կարող են պահպանվել նույնիսկ դրա շուտափույթ ավարտի դեպքում։ Միևնույն ժամանակ նա կարծում է, որ պատերազմը պարտադիր չէ, որ հանգեցնի ավելի մեծ անկայունության, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները զգալիորեն թուլացրել են Իրանի ռազմական ներուժը և դրա հետ կապված տարածաշրջանային ուժերը։
«Չեմ կարծում, որ մարդիկ հասկանում են Իրանի հնարավորությունների թուլացման մասշտաբը, իսկ այն զգալի է»,- ասել է Շենքերը, որն այժմ աշխատում է Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտում։
Reuters-ի տվյալներով՝ պատերազմը, որը Թրամփը Իսրայելի հետ միասին սկսել է փետրվարի վերջին, ամերիկացի հարկատուներին արժեցել է առնվազն 37,5 միլիարդ դոլար, հանգեցրել է ԱՄՆ 18 զինծառայողի և հազարավոր իրանցիների մահվան։
Ընդհանուր առմամբ հակամարտությունը ժողովրդականություն չի վայելուն ամերիկացիների շրջանում․ հարցման մասնակիցների միայն 35%-ն է հայտարարել, որ հավանություն է տալիս պատերազմին։ Գնահատելիս, թե որ կուսակցությունն է ավելի լավ գլուխ հանում պատերազմի և ահաբեկչության հարցերից, գրանցված ընտրողները առաջին անգամ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր Reuters/Ipsos-ի չափումների սկզբից փոքր առավելություն են տվել դեմոկրատներին՝ 37% ընդդեմ հանրապետականների 36%-ի։
Բացի դրանից, հարցումը ցույց է տվել այլ միջազգային հակամարտությունների վերաբերյալ մտահոգությունների աճ։ Հարցվածների 58%-ը հնարավոր է համարում ռուս-ուկրաինական հակամարտության իրավիճակի վատթարացումը, 55%-ը մտավախություն ունի Չինաստանի և Թայվանի բախումից, իսկ 48%-ը հնարավոր է համարում պատերազմի մեջ Ուկրաինայում չներգրավված Ռուսաստանի և եվրոպական երկրի միջև հակամարտությունը։
Reuters/Ipsos-ի հարցումն անցկացվել է առցանց՝ ԱՄՆ-ի 4505 չափահաս բնակիչների շրջանում։ Հետազոտության սխալի սահմանը կազմում է մոտ երկու տոկոսային կետ։
