ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է արտերկրում գտնվող հինգ դիվանագիտական ներկայացուցչություն փակելու մտադրության մասին։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է Reuters գործակալությունը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին տեղեկացրել է արտերկրում հինգ ներկայացուցչություն փակելու ծրագրերի մասին, ինչը Ամերիկայի գլոբալ դիվանագիտական ներկայության կրճատման հազվադեպ դեպք է», — ասվում է հրապարակման մեջ։

Գործակալության տվյալներով՝ խոսքը Գրենադայում ԱՄՆ դեսպանատան, ճապոնական Նագոյայում, ինդոնեզական Մեդանում ու կանադական Վինիպեգում գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև Կամերունի Դուալա քաղաքում գտնվող դեսպանատան մասնաճյուղի մասին է։ Ինչպես նշում է Reuters-ը, արտերկրի դիվանագիտական ցանցի նման միաժամանակյա կրճատումը կապված չէ որևէ կոնկրետ աշխարհաքաղաքական իրադարձության հետ։

Պետդեպարտամենտում ուղղակիորեն չեն հաստատել ներկայացուցչությունների փակման ծրագրերը, սակայն հայտարարել են, որ գերատեսչությունը ձգտում է ապահովել ԱՄՆ-ի «արդյունավետ և ռացիոնալ» դիվանագիտական ներկայությունն արտասահմանում՝ պահպանելով Կոնգրեսին ծանուցելու սահմանված ընթացակարգը։

Share.