Կուբայում էներգահամակարգի հերթական խափանումն է տեղի ունեցել. էլեկտրականությունը կրկին անջատվել է ամբողջ երկրում, հայտնել են UNE պետական էներգաընկերությունից։
Երբ Կուբայի մայրաքաղաք Հավանայում հանկարծակի մարել են լույսերը, ամառային շոգից փրկվելու համար դրսում նստած քաղաքացիները միաձայն դժգոհել են։
Կուբան արդեն վաղուց ապրում է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պայմաններում՝ մաշված սարքավորումների և ԱՄՆ-ի էներգետիկ էմբարգոյի պատճառով, որը կասեցրել է էլեկտրակայանների համար վառելիքի կանոնավոր մատակարարումները, հաղորդում է Euronews-ը։
Սա էներգացանցի փլուզումների շարքի սոսկ վերջին դրվագն է։ Ընդամենը 24 ժամ առաջ խավարի մեջ էր հայտնվել երկրի ամբողջ արևմտյան հատվածը։
Էլեկտրականության խափանումների պատճառով Կուբայում բնականոն կյանքը գրեթե անհնար է դարձել. յուրաքանչյուր անջատման հետ կրճատվում է ջրամատակարարումը, իսկ օդափոխիչները կանգ են առնում։
Զրկանքների սովոր հասարակության համար սա գնալով ավելի ծանր փորձություն է դառնում. երկիրը խրվել է ամիսներ ձգվող ճգնաժամի մեջ, որի վերջը չի երևում։
Առավել տուժած շրջանների բնակիչներն իրենց դժգոհությունն արտահայտում են՝ այրելով աղբակույտերը, ինչպես նաև աղմկելով կաթսաներով ու թավաներով։
Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ էներգահամակարգի վերագործարկման արձանագրություններն արդեն իրականացվում են։
Վերջին անգամ Վաշինգտոնը մարտին թույլատրել էր միայն մեկ ռուսական լցանավի մուտքը՝ 100 հազար տոննա նավթով։ Այդ պաշարներն արդեն սպառվել են։ Բացի նավթային շրջափակում սահմանելուց, Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացրել է պատժամիջոցները կուբայական պետական ընկերությունների դեմ, ինչի պատճառով բազմաթիվ օտարերկրյա ֆիրմաներ դադարեցրել են իրենց գործունեությունը երկրում։
ԱՄՆ-ը միաժամանակ մեղադրանքներ է առաջադրել Կուբայի նախկին նախագահ, հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եղբայր Ռաուլ Կաստրոյի դեմ՝ երեք տասնամյակ առաջ խոցված երկու քաղաքացիական ինքնաթիռների գործով։
Հավանայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները, կարծես, գրեթե չեն առաջ շարժվում։
Կուբան շուկայական բարեփոխումների շարք է իրականացրել՝ տնտեսությունը վերակենդանացնելու նպատակով։
