ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունը հետևանքներ կունենա, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, հաղորդում է Mehr-ը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների շուրջ շարունակվող լարվածությունը։

Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը։ Ըստ նրա, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ցանկացած նոր հարձակում, ինչպես նաև տարածաշրջանի երկրների մասնակցությունը նման գործողություններին, իրանական զինված ուժերի կողմից կարժանանա «վճռական և համաչափ պատասխանի»։

Նախարարը նաև ընդգծել է, որ նման քայլերի հնարավոր հետևանքների պատասխանատվությունը կրելու են դրանց նախաձեռնողները։

Share.