Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ Ուկրաինան «Բանդերայի դրոշով» Եվրոպական միություն չի մտնի։
«Դա շատ հասկանալի հարց է. չի կարելի եվրոպական հանրույթ կառուցել մի պատմության վրա, որը խորթ է համայնքին», – ասել է նախարարը «Wirtualna Polska»–ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ ԵՄ ձգտող Կիևի համար լուրջ խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների կատարումը:
«Ըստ երևույթին, Ուկրաինայի անդամակցության շուրջ սպասվում են երկար տարիներ բանակցություններ։ Դա արագ տեղի չի ունենա»,– ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Եվրախորհրդարանի հունգարացի պատգամավոր Կինգա Գալը, մեկնաբանելով Ուկրաինային ԵՄ ընդունելու շուրջ սկսված խորհրդակցությունները, հայտարարել էր, որ այդ երկիրը պատրաստ չէ մտնել ԵՄ: Նա հիշեցրել էր, որ, ի տարբերություն Կիևի ռեժիմի, մյուս պետությունները միավորման մեջ արագ ընդգրկվելու արտոնություններ չեն ստացել։
