ՀՀ–ում 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեից նշում են, որ այս գործով քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թ. օգոստոսի 7–ին և միայն հիմա է հիմնավորվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն են օժանդակել մեղադրյալ Ա․Ս․–ին` տուժողներ Ա․Հ․–ի և Ար. Հ.–ի գտնվելու վայրը պարզելու և մեղադրյալ Ա․Ս․–ին ցույց տալու համար։
Այդ նպատակով ոստիկանները մեղադրյալ Ա․Ս․–ից ստացել են նախապես խոստացված 5 մլն դրամը։
Այսպիսով, ըստ ՔԿ–ի, ոստիկանները նպաստել են Ա․Հ․–ի սպանության փորձին և Ար.Հ․–ի սպանությանը։
«Մեղադրյալ Ա․Ս․–ն, տուժողներին հետապնդելու ընթացքում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում կրակոցներ արձակելով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել է Ար.Հ․–ին և փորձել սպանել նրա եղբորը՝ Ա․Հ.–ին, որից հետո դիմել է փախուստի»,– նշված կոմիտեի հաղորդագրության մեջ։
ՔԿ–ն ԱԱԾ–ի հետ համատեղ խուզարկություններ է կատարել 2 ոստիկանների բնակարաններում: Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):
Ոստիկաններ Ա․Ս.–ն և Ա․Գ․–ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
