Իրանի խորհրդարանի պատգամավորները երկրի ղեկավարությանը կոչ են արել անվավեր ճանաչել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կնքված հուշագիրը։ Այս մասին հայտնում է «Fars» գործակալությունը:
«Շուրջ 180 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ հատուցման հասնելու անհրաժեշտության, ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը դադարեցնելու, բանակցությունները հետաքննելու համար հատուկ հանձնաժողով ստեղծելու, Հորմուզի նեղուցի կառավարման մասին օրենք ընդունելու և զինված ուժերին համակողմանի աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։
Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
