Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան այս պահին գործի չեն դնի վեճերի կարգավորման մեխանիզմը, որն ամրագրված է Իրանի միջուկային համաձայնագրով եւ կարող է ՄԱԿ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը հանգեցնել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին:
«Ոչ հիմա: Մենք ցանկանում ենք կարգավորել իրավիճակը»,- ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը:
Մեկ այլ դիվանագետ նշել է, որ 3 եվրոպական գերտերությունները կենտրոնացել են Իրանին իր պարտավորությունների կատարմանը վերադարձնելուն եւ ցանկանում են ժամանակ շահել երկխոսության համար:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանին կոչ է արել շտկել միջուկային պակտի առաջին լուրջ խախտումը՝ նշելով, որ մոտ օրերս կաշխատի Իրանի կողմի համաձայնագրի պահպանման ապահովմանը:
«ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հիման վրա մենք ցանկանում ենք, որ շեմի գերազանցման հարցը դիտարկվի համաձայնագրի շրջանակում»,- ասել է ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը:
Դիվանագետներից մեկն էլ նշել է, որ եվրոպական 3 գերտերությունների, Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի ներկայիս ճգնաժամը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Նշենք, որ Իրանը հայտարարել էր, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։
Իրանի ԱԳՆ ղեկավար Մուհամմեդ Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել էր, որ Իրանը չի խախտել միջուկային համաձայնագիրը՝ գերազանցելով ցածր հարստացված ուրանի շեմը:
0Comments