Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Rádio Slovensko-ի Sobotné dialógy հաղորդման եթերում հանդես է եկել Ուկրաինայի հետագա ֆինանսական աջակցության ծրագրերի դեմ՝ հայտարարելով, որ Սլովակիան չպետք է մասնակցի Կիևի ռազմական ծախսերի ֆինանսավորմանը, հաղորդել է Aktuality-ն։

Հայտարարության առիթ են դարձել հուլիսի 7–8-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում քննարկվող՝ Ուկրաինային ռազմական օգնության ընդլայնման նախաձեռնությունները։ Լրատվամիջոցների տվյալներով՝ դաշինքի երկրները կարող են հաստատել հավաքական պաշտպանության վերաբերյալ իրենց պարտավորությունները, հայտարարել Կիևին ռազմական աջակցության նոր փաթեթների մասին և կրկին նշել Ռուսաստանը որպես երկարաժամկետ սպառնալիք։

Նա հայտարարել է, որ Սլովակիան պետք է հանդիպմանը ներկայանա առանց Ուկրաինային հետագա ռազմական վճարումների և վարկերի վերաբերյալ մանդատի։

«Ես չեմ կարող խանգարել մյուս երկրներին, որոնք ուզում են գումար հավաքել պատերազմի համար։ Գիտե՞ք ինչ կարող է տեղի ունենալ։ Այստեղ կարող է թռչել որևէ դրոն՝ դիտավորությամբ կամ պատահաբար, հարվածել բնակելի շենքի, կլինեն զոհեր կամ վիրավորներ, և մենք կարող ենք հայտնվել Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Այդ պատճառով Սլովակիայի անունից ասում եմ՝ ոչ մի աջակցություն պատերազմին, Սլովակիան չի վճարի Ուկրաինայի ռազմական ծախսերը», — հայտարարել է Ֆիցոն։

Ֆիցոն քննարկվող օգնությունն անվանել է «մասշտաբային» և հայտնել, որ մտադիր է հաջորդ շաբաթ խորհրդակցություններ անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, որպեսզի որոշեն երկրի դիրքորոշումը գագաթաժողովում։

Share.