Մասնագետը նշել է՝ որն է իմունային համակարգի թուլացման հիմնական պատճառը

Պատճառ է դառնում սթրեսի բացասական ազդեցությունը

Բժիշկ-իմունոլոգ Իրինա Բարանովայի խոսքով՝ իմունային համակարգի թուլացման հարցում գլխավոր դերը խաղում է սթրեսը, իսկ այս խնդրից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին ստեղծել բարենպաստ հոգեբանական մթնոլորտ: Մասնագետն ընդգծում է, որ հիվանդություններն ախտորոշելիս հաճախ հաշվի չի առնվում մարդու հոգեկան առողջության գործոնն ու սթրեսի նկատմամբ նրա հակվածությունը, ինչը շատ սխալ մոտեցում է:

Բարանովայի պնդմամբ՝ մինչ դեղորայքային բուժում նշանակելը հարկավոր է պարզել հոգեհուզական վիճակը: Նրա խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսն անմիջականորեն ազդում է իմունային համակարգի վրա՝ դրանով իսկ ազդելով ամբողջ օրգանիզմի վրա:

«Իմունիտետի պաշտպանական գործառույթների թուլացման դեպքերի մոտ 90%-ը պայմանավորված է լինում նյարդային գերլարվածությամբ ու կապված են լինում աշխատավայրում, ուսման վայրում, անձնական կյանքում, տրանսպորտում ու մարդկանց հետ շփման մեջ ի հայտ եկող սթրեսների հետ», - բացատրում է մասնագետը:

 

Իմունային համակարգի թոլացման հիմնական պատճառ է դառնում սթրեսի բացասական ազդեցությունը, ինչի հետևանքով մարդն ավելի հաճախ է հիվանդանում, իսկ հիվանդությունն ավելի սուր ընթացք է ունենում: Ընդ որում, բուժման համար բժիշկները նշանակում են հակաբակտերիալ ու հակավիրուսային թերապիա, ինչն էլի ավելի է թուլացնում օրգանիզմը:

Ինչպես ընդգծում է մասնագետը, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և իմունային համակարգն ամրապնդելու համար հարկավոր է առաջին հերթին կարգավորել քնի ռեժիմը, լիարժեք սնվել ու հնարավորինս նվազեցնել սթրեսի մակարդակը:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է  tert.am: