Լիբանանի և Իսրայելի ներկայացուցիչները Վաշինգտոնում ընթացող բանակցություններում քննարկում են Լիբանանի հարավային այն տարածքների մի մասը լիբանանյան բանակի վերահսկողությանը հանձնելու գաղափարը, որոնք իսրայելական զորքերն օկուպացրել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության դեմ հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան և իսրայելական աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող այս ծրագրի համաձայն՝ լիբանանցի զինվորականները նախ պետք է ամերիկյան վերապատրաստում և ստուգում անցնեն։ Այդպիսով Վաշինգտոնը կամրագրի իր վստահությունը, որ տվյալ զինվորականները կապ չունեն «Հեզբոլլահի» հետ։ Իսրայելն իր հերթին պետք է պահպանի Լիբանանի հետ սահմանին գտնվող բուֆերային գոտում իր ռազմական ներկայությունը։

Հունիսի 23-ին Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ միջնորդությամբ ընթացող լիբանանա-իսրայելական բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես հայտնում է Asharq al-Awsat թերթը, դիվանագետ Սիմոն Քարամի գլխավորած լիբանանյան պատվիրակությունը պնդում է, որ քննարկվի հարավային շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերման ժամանակացույցը։ Փոխարենը Լիբանանը պարտավորվում է Լիտանի գետից հարավ ընկած տարածքը վերածել «զենքից զերծ անվտանգ գոտու»։ Al Hadath հեռուստաալիքի տեղեկություններով՝ Իսրայելի պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել սկսել զորքերի դուրսբերումը, սակայն մի պայմանով. լիբանանյան բանակը պետք է մաքրի Նաբատիայի մոտ գտնվող Ալի էթ-Թահեր լեռնային շրջանը, քանի որ «Հեզբոլլահը» ստորգետնյա թունելների ցանց է ստեղծել այնտեղ։ Ինչ վերաբերում է իսրայելական ուժերի փուլային դուրսբերմանը, ապա այն կարող է սկսվել Լիտանի գետի հյուսիսային ափից (Նաբատիայից և Կֆար-Տիբնիտից), ինչպես նաև Հարավային Լիբանանի արևմտյան հատվածից։

Share.