ՀՀ նախագահը Ցյուրիխ քաղաքում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր տնօրենի հետ

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխ քաղաքում անցկացվող միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հանդիպել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ համատեղ ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Խոսքը մասնավորապես վերաբերել է նախագահական նոր՝ ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը:

Նախատեսվում է, որ մի քանի բաղադրիչից բաղկացած այս նախաձեռնության շրջանակում ստեղծվելու է գիտության ու տեխնոլոգիաների քաղաք, որտեղ ներկայացված կլինեն միջազգային խոշոր կազմակերպություններ, գիտահետազոտական կենտրոններ և համալսարաններ, կստեղծվի նաև ապագայի թանգարան։