Մեծ Բրիտանիայի Թռչունների պաշտպանության թագավորական ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ միլիոնավոր երիտասարդներ սկսել են հոգեկան առողջությունը պահպանել թռչուններին դիտարկելու միջոցով։ Այդ մասին գրում է Mirror-ը՝ հղում անելով կազմակերպության նախագահ Ամիր Խանին։

Նրա խոսքով՝ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ միայն Մեծ Բրիտանիայում 16–29 տարեկան ավելի քան 700 հազար երիտասարդ պարբերաբար զբաղվում է թռչնադիտարկմամբ։ Սա ավելի քան տասն անգամ գերազանցում է 2018 թվականի ցուցանիշը։ Ընդհանուր առմամբ երկրում կա ավելի քան 4 միլիոն թռչնադիտարկմամբ հետաքրքրվող մարդ, ինչը ութ տարվա ընթացքում աճել է 47 տոկոսով։ ԱՄՆ-ում նման զբաղմունքով զբաղվում է շուրջ 96 միլիոն մարդ։

Ամիր Խանը նշել է, որ հատկապես առավոտյան լսվող թռչունների երգը նպաստում է սերոտոնինի՝ այսպես կոչված երջանկության հորմոնի արտադրմանը և դրական ազդեցություն ունի մարդու ինքնազգացողության վրա։

Նրա խոսքով՝ հազարամյակների ընթացքում մարդը զարգացել է բնության հետ միասին, ինչի պատճառով մարդկանց մոտ բնական ձգտում կա վերամիավորվելու շրջակա միջավայրի հետ։ Այս մոտեցումն անգամ գիտական անվանում ունի՝ «բիոֆիլիայի հիպոթեզ», որը նկարագրում է մարդու բնական հակումը ուսումնասիրել և զգալ բնությունը։

Share.