Հնդկաստանում ժամանակավորապես սահմանափակվել է հասանելիությունը Telegram մեսենջերին՝ մտավախությունների պատճառով, որ հարթակն օգտագործվում է երկրի կարևորագույն քննություններից մեկի կրկնակի անցկացումից առաջ խարդախությունների և արտագրությունների համար, հայտնում է BBC News-ը։
Խոսքը բժշկական բուհեր ընդունվելու ազգային ընդունելության թեստի՝ NEET-UG քննության մասին է։ Կրկնակի հանձնումը նշանակված է հունիսի 21-ին՝ քննական նյութերի արտահոսքի մեղադրանքների ֆոնին մայիսյան քննությունը չեղարկվելուց հետո։
Քննության անցկացման համար պատասխանատու Թեստավորման ազգային գործակալությունը (NTA) աջակցել է իշխանությունների որոշմանը։ Գերատեսչությունում հայտարարել են, որ սահմանափակումը կապված է «խարդախ խմբերի կողմից դիմորդներին խաբելու նպատակով հարթակի կազմակերպած օգտագործման հետ»։
Գործակալության տվյալներով՝ Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կարգադրել է սահմանափակել հասանելիությունը Telegram-ին մինչև հունիսի 22-ը՝ կրկնակի քննությանը հաջորդող օրը։ Բացի դրանից, իշխանությունները պահանջել են Հնդկաստանում անջատել հաղորդագրությունների խմբագրման գործառույթը մինչև հունիսի 30-ը, քանի որ, պաշտոնյաների կարծիքով, այն օգտագործվել է քննական նյութերի ենթադրյալ արտահոսքի ապացույցներ կեղծելու համար։
NEET-UG քննությունը համարվում է ամենամրցակցայիններից մեկը երկրում։ Մայիսին այն հանձնել է շուրջ 2,28 միլիոն մարդ՝ ավելի քան 5000 քննական կենտրոններում։ Սակայն անցկացումից կարճ ժամանակ անց թեստը չեղարկվել է առաջադրանքների արտահոսքի կասկածների պատճառով, ինչը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ Հնդկաստանում։
Հետաքննությունը վարում է Հետաքննությունների կենտրոնական բյուրոն։ Գործով արդեն ավելի քան տասը մարդ է ձերբակալվել։
Սա նմանատիպ առաջին սկանդալը չէ։ 2024 թվականին քննությունը նույնպես ուղեկցվել էր առաջադրանքների արտահոսքի, խարդախության և հավելյալ միավորների հաշվարկման ժամանակ թույլ տրված խախտումների մեղադրանքներով, երբ հազարավոր մասնակիցներ անսովոր բարձր արդյունքներ էին ստացել։
Իշխանությունները միաժամանակ հայտնել են, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարի I4C ստորաբաժանումը փակել է մեծ թվով Telegram-ալիքներ, խմբեր և բոտեր, որոնք գումարի դիմաց բացահայտ հասանելիություն էին առաջարկում կրկնակի քննության իբր թե իսկական նյութերին։ NTA-ի տվյալներով՝ նման սխեմաների կազմակերպիչները դիմորդների ընտանիքներից հարյուր հազարավոր ռուփիներ են պահանջել։
Միևնույն ժամանակ, գործակալությունն ընդունել է, որ արգելափակումը անհարմարություններ կստեղծի միլիոնավոր օգտատերերի համար, ովքեր Telegram-ն օգտագործում են կրթական, մասնագիտական և անձնական նպատակներով։
Կառավարության որոշումը արժանացել է իրավապաշտպանների և թվային իրավունքների փորձագետների քննադատությանը։ Internet Freedom Foundation կազմակերպությունը Telegram-ի արգելքն անվանել է ոչ թափանցիկ և անարդյունավետ։ Նրա ներկայացուցիչների կարծիքով՝ արգելափակումը պատժում է շարքային օգտատերերին, բայց չի վերացնում քննական նյութերի արտահոսքի բուն պատճառները։
Քննադատները նշում են նաև, որ քննության նախապատրաստման վերջին օրերին շատ դպրոցականներ և դիմորդներ օգտագործում են Telegram-ը ուսումնական խմբերի, նյութերի փոխանակման և խորհրդատվությունների համար։ Նրանք հավելել են, որ արտահոսքերը հայտնվում են ոչ թե մեսենջերներում, այլ քննությունների կազմակերպման բուն համակարգի ներսում՝ քննական նյութերի պատրաստման, տպագրության և լոգիստիկայի փուլերում։
