«Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու, նախկին կնոջ տատու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով ամբաստանյալ Արգամ Հովիկյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Դատավճիռը ապրիլի 8–ին կայացրել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը։
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ Հովիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքները կատարելու մեջ. Այն է՝ սպանության փորձը, դիտավորությամբ ուրիշին առողջական միջին ծանրության վնաս հասցնելը, զենքի օգտագործմամբ անչափահասին պատանդ վերցնելը, ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արգամ Վարազդատի Հովիկյանը իր նախկին կնոջ` Լիլիթ Հովհաննիասյանի հետ անձնական խնդիրները պարզելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում որսորդական դանակով գնացել է վերջինիս աշխատանքի վայր` Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված «Մանուշակ» մանկապարտեզի վարչական շենք ու մտնելով կրտսեր առաջին խմբի երեխաների համար նախատեսված ննջասենյակ` ցանկություն է հայտնել առանձնազրույց ունենալ Լիլիթ Հովհաննիսյանի հետ։ Երբ Լ.Հովհաննիսյանը հրաժարվել է, Արգամ Հովիկյանը բաճկոնի տակից հանել է իր մոտ պահվող դանակն ու բռնելով Լիլիթ Հովհաննիսյանի մազերից` քարշ է տվել մանկապարտեզի շինության մուտքի դռան մոտ, սակայն Հովհաննիսյանը կառչել է մուտքի դռնից ներս տեղակայված սանդուխքի ճաղավանդակներին ու դիմադրել, որի ընթացքում Արգամ Հովիկյանը ձեռքին եղած դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Հովհաննիսյանի ենթածնոտային , պարանոցի, կրծքավանդակի աջ շրջանին, աջ դաստակի շրջանների կտրած վերքերի եւ ձախ ուսահոդի շրջանին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս։
Այդ պահին նրանց է մոտեցել Լիլիթ Հովհաննիսյանի տատը` «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանն ու փորձել է օգնություն ցույց տալ թոռանը: Այնուհետեւ Արգամ Հովիկյանը Ռոզա Վարդանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող դանակով փորձել է սպանել Ռոզա Վարդանյանին` դանակով հարվածելով նրա պարանոցի հատվածին, սակայն հարվածելու պահին Ռոզա Վարդանյանը հետ է քաշվել, արդյունքում մակերեսորեն վնասվել է Ռ.Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը։ Իսկ երբ Լ.Հովհաննիսյանն ազատվել է Արգամ Հովիկյանից ու դիմել է փախուստի Արգամ հովիկյանը ժամը 16:30-ի սահմաններում մանկապարտեզի ննջասենյակում պատանդ է վերցրել նույն մանկապարտեզի սան, ակնհայտ անչափահաս 29-01-2015թ. ծնված Հմայակ Վահանի Համազասպյանին ու իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել վերջինիս ազատելու համար իրավապահ մարմինների աշխատակիցներին պահանջ ներկայացնելով հանդիպում կազմակերպել կնոջ` Լիլիթ Հովհաննիսյանի հետ, սակայն իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը` ժամը 20:00-ի սահմաններում Արգամ Հովիկյանը վնասազերծվել է:
0Comments