Apple-ը հրաժարվել է Air Power անլար լիցքավորման սարքից

The Verge-ը, մշակման փուլում, համաձայն որոշ տեղեկությունների, ծագել են տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, սարքի տաքացման հետ կապված

Apple ընկերությունը որոշել է հրաժարվել Air Power լիցքավորման անլար սարքից: Այդ մասին հայտնել է TechCrunch ինտերնետային պորտալը՝ վկայակոչելով ընկերության տեխնիկական ծրագրերի ավագ փոխնախագահ Վենա Ռիչոյին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Զգալի ջանքերի արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ Air Power-ին չի համապատասխանում մեր բարձր ստանդարտներին, եւ որոշեցինք չեղարկել այդ նախագիծը:-նշվում է հաղորդագրության մեջ:-Մենք հայցում ենք օգտատերերի ներողամտությունը, որոնք ակնկալում էին այդ սարքի վաճառքը: Մենք շարունակում ենք համարել, որ ապագան անլար սարքերն են, եւ վճռական ենք տրամադրված այդ ուղղությամբ գործելու հարցում»:

Ինչպես նշել էր The Verge ինտերնետային պորտալը, Air Power անլար լիցքավորման սարքի նախագծի մասին առաջին անգամ հայտարարել էին 2017 թվականի սեպտեմբերին iPhoneX սմարթֆոնի շնորհանդեսի ժամանակ: Այդ ընթացքում ընկերությունը հայտարարել էր, որ սարքի վաճառքը կմեկնարկի 2018 թվականին: Ենթադրվում էր, որ այն կապահովի iPhone-ի, Apple Watch «խելացի» ժամացույցի եւ AirPod անլար ականջակալների միաժամանակյա լիցքավորման հնարավորությունը, ընդ որում՝ սմարթֆոնի էկրանին պետք է արտացոլվեր բոլոր երեք սարքերի լիցքավորման ընթացքը:

Սակայն, ինչպես ընդգծել է The Verge-ը, մշակման փուլում, համաձայն որոշ տեղեկությունների, ծագել են տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, սարքի տաքացման հետ կապված: