Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է.
«2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված:
Երբ Ալիեւն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է սեւերի ու սպիտակների:
Ալիեւը հայտարարում էր տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից:
Դեսպան Միլսը խոսում էր տարածքներ խաղաղության դիմաց թեզից, իսկ Փաշինյանն այն համարում էր հեռացող դեսպանի հայտարարություն:
Ահազանգեցի, երբ Բոլթոնը Երեւանում առաջարկում էր մեզ հրաժարվել մեր պատմական կաղապարներից:
Ի պատասխան՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հայտարարությունը վնասներ չի պարունակում:
Ահազանգում էի, երբ Ալիեւն ու Մամեդյարովը 2019-ը հռչակում էին առաջընթացի տարի: Մեր կառավարությունը այդ ժամանակ էլի լռում էր:
Նիկոլի իշխանությունը նույնիսկ լռում էր, երբ դեկտեմբերի 17-ին Ալիեւը բաց տեքստով չբացառեց ռազմական լուծման հեռանկարը:
Ես կոչ էի անում սթափվելու, միավորվելու ու գիտակցելու հնարավոր ռազմական բախման վտանգը, իսկ Փաշինյանի իշխանությունը խոսում էր խաղաղության մասին:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Նիկոլի իշխանությունը նրան մատների արանքով է նայում ու ասում, թե հերթական հայտարարություն է:
Ադրբեջանը մայիսից ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը հնարավոր ուղղություններով, իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է սելֆի անելով, լայվ մտնելով ու ծաղիկ բաժանելով:
Տղե՛րք, լրջացեք: Հասկանում եմ, որ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ:
0Comments