Վահագնին էլիտար թաղամաս էր, հիմա դժոխք է դարձել. բնակիչները բողոքում են

Մանրամասներ
վահագնի

Վահագնի թաղամասում ապրել չի լինում. չորս կողմից ռեստորաններ են, երաժշտության բարձր ձայնը առավոտից մինչև երեկո բնակիչներին հանգիստ չի տալիս։ Այս մասին NEWS.am–ին ահազանգում են տեղի բնակիչները։

Բնակիչնրը խնդրի մասին պարբերաբար ահազանգում են Երևանի քաղաքապետարան, սակայն խնդիրը լուծում չի ստացել։ «Մեր տան հետևի մասում կառուցվել է բացօթյա սրճարան–լողավազան, որտեղ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։ Երաժշտությանն ձայնն անտանելի բարձր է լսվում տներում։ Մենք էլ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ենք, ես ինքս միգրեն ունեմ ու ինձ համար դժվար է այս պայմաններում ապրելը։ Ժամանակին էլիտար թաղամաս էր համարվում Վահագնին, հիմա դժոխք է դարձել։  Շաբաթվա մեջ գոնե մի օր չի, որ ասեմ այդ մի օրը տնից գնանք, ամեն օր 8-12 ժամ չգիտենք արդեն ինչ անել. ո՛չ բակում է հնարավոր մնալ, ո՛չ տանը։ Եթե լուսամուտներն էլ փակում ենք, բարձր երաժշտության բասերն ենք զգում»,–պատմեց թաղամասի բնակչուհին։

Լուսինե Տոնոյանի խոսքով, բացօթյա սրճարանը 5 տարի առաջ է բացվել, և ամեն ամառ խնդիրներ է առաջացնում իրենց համար։ San Marco pool-ի տնօրենը, որի աշխատանքից բողոքում են բնակիչները, վստահեցնում է, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, երեկոյան ժամը 23։00-ից հետո երաժշտությունն անջատվում է։ 

«Խնդրի մասին մենք նույնպես տեղյակ ենք, այսօր էլ Առողջապահության նախարարությունից եկել էին, երաժշտության դեցիբելները չափելու։ Ընդամենը 3 դեցիբելով էր երաժշտության ձայնը նորմայից բարձր, և մենք դա շտկեցինք, տուգանքն էլ մուծեցինք։ Ամեն ինչ օրենքով սահմանված կարգով ենք անում, տներից էլ անհրաժեշտ հեռավորության վրա ենք գտնվում։ Բացի այդ ընդամենը մի քանի օր է մնացել բացօթյա լողավազանների ու սրճարանների սեզոնի ավարտին, և շուտով կփակվենք»,–ասում է տնօրենը՝ Աբրահամ Բաղդոն։

Թաղամասի բնակչուհին սակայն վստահ է՝ ռեստորանը տներին շատ մոտ է գտնվում, սեզոնի ավարտի մասին լուրն էլ չի սփոփում բնակիչներին, ասում են՝  սարսափով են պատկերացնում, որ հաջորդ ամառ էլ են ստիպված լինելու առավոտից երեկո հանդուրժել այդ ձայները։