Ալեն Սիմոնյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀԿ երիտկառույցի փոխնախագահի և ազատամարտիկի

Մանրամասներ
Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ երիտկառույցի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ։ Ա. Սիմոնյանը դատարանից պահանջում է. «Պատասխանող Աշոտ Հակոբի Անդրեասյանին պարտավորեցնել Հայցվոր՝ Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հետևյալ ձև. կատարել հայտարարություն LIVEnews.am լրատվականի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Աշոտ Հակոբի Անդրեասյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024 թվականին LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: 
 
Հայցվորը նաև պահանջում է, որ Անդրեասյանից հօգուտ իրեն բռնագանձվի 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև ընդհանուր 480 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 400 000  ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 80 000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար: 

Հայցապահանջը դատարան է մուտքագրվել մարտի 19-ին։ Խնդրո առարկա հրապարակման մեջ Անդրեասյանը վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս Ա. Սիմոնյանի, նրա ընտանիքի անդամի մասին։ 

Մեկ այլ հայցապահանջ էլ (դատարան է մուտքագրվել մարտի 20-ին) ԱԺ նախագահը ներկայացրել է ընդդեմ ազատամարտիկ  Վոլոդյա Հովհաննիսյանի և պահանջում է  պարտավորեցնել հայցվոր  Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ահա այս կերպ. «Կատարել հայտարարություն LIVEnews.am լրատվականի միջոցով բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում, և հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Վոլոդյա Հովհաննիսյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «27.02.2024թ.-ին ես LIVEnews.am լրատվականի Յութուբյան ալիքում տեղադրված տեսանյութի մեջ կատարել եմ հայտարարություններ, որոնք վերաբերում են պարոն Սիմոնյանին:

Հայտնում եմ, որ տեսանյութն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:  2. Պատասխանող՝ Վոլոդյա Արտաշի Հովհաննիսյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ որպես Հարցազրույցի մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում»։   Սիմոնյանը նաև պահանջւմ է պատասխանողից հօգուտ իրեն  բռնագանձել ընդհանուր 430 000  ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 350 000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 80 000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար:

Նշենք, որ LIVEnews.am լրատվականը պատկանում է  «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երբեմնի խորհրդական Գառնիկ Իսաղուլյանին։