Ընդդիմադիրների մեղադրանքները մեկը մյուսին չեզոքացնում են, դրա համար եմ ես մինչեւ հիմա ՀՀ վարչապետ. Փաշինյան

Մանրամասներ

Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ միջազգային հանրությունը ուզում էր ԼՂ հարցի այս լուծումը կամ այն լուծումը. Ոչ, միջազգային հանրությունն ուզում է ԼՂ հարցի ցանկացած լուծում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ իրենց համար էլ է պրոբլեմ, որ ասում են՝ Մոսկվա, լուծիր, Վաշինգտոն, լուծիր, Բևրյուսել լուծիր: Իրենք էլ մեզ են ասում՝ գուցե դուք էլ բավարար ջանքեր գործադրեք լուծելու համար ու ճիշտ են ասում: Երբ մենք իրենց ասում ենք՝ լուծիր, մեզ թվում է, որ բերելու են մեր երազանքների լուծումը եւ ասեն՝ հուլիսի 25-ի առիթով որոշել ենք ձեզ նվեր անել: Ոչ, չի լինելու այդպես: Որովհետեւ Հայաստանն ու ԼՂ-ն առանձին մոլորակի վրա չեն, կա Ադրբեջանը, մյուս տարածաշրջանային գործոնները կան, գլոբալ շահեր կան, եւ մեզ պետք է տեղավորվել այդ շահերի մեջ մեր շահերով, եւ ոչ թե  մեր շահերով հակադրվել այդ բոլոր շահերին: Երբ մենք հակադրվենք բոլոր այդ շահերին, արդեն ասացի՝ ինչ կլինի:

Իսկ ո՞վ է ասում, որ անհատական կամ անձնական մակարդակով այդքան թուքումուր ուտելը այդքան հեշտ ու հաճելի գործընթաց է, նույնիսկ եթե ինչ-որ կաբինետում ես աշխատում, որը համարվում է հանրապետության թիվ մեկ աշխատասենյակ: Իսկ ես զոհվածների ծնողերի հետ չեմ շփվե՞լ, այդ հարցերը իրենք ինձ առերես տալու հնարավորություն չեն ունեցե՞լ: Ընդ որում, եւ քաղաքավարի, եւ կոպիտ, եւ էմոցիոնալ: Բայց ի վերջո, պետք է կենտրոնանանք պետության տրամաբանության վրա եւ հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենում եւ ինչ է տեղի ունեցել մեր շուրջը»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ ընդդիմադիրներն իրեն մեկ մեղադրում են հողեր հանձնելու մեջ, մեկ մեղադրում են չհանձնելու մեջ. «Մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչեւ հիմա ՀՀ վարչապետ: Այդ նույն սուբյեկտների կողմից մեղադրանքները մեկը մյուսին չեզոքացնում են: Համ ասում են՝ տվիր, համ ասում են՝ չտվիր: Մի մասն ասում է՝ դավաճան, տվիր, մյուս մասն ասում է՝ դավաճան, պիտի տայիր»,-ընդգծեց վարչապետը: