Հայաստանը մինչև վերջերս այն քիչ երկրներից էր, որտեղ YouTube-ի գործընկերային ծրագիրը չէր գործում, և մեր երկրում գտնվող բովանդակություն ստեղծողները ստիպված էին դիմել տարբեր հնարքների՝ հարթակում իրենց տեսանյութերից եկամուտ ստանալու համար: Այս գարնանը Հայաստանում պաշտոնապես կգործարկվի YouTube-ի գործընկերային ծրագիրը, և հայ հեղինակները կկարողանան դրամայնացնել իրենց բովանդակությունը և միանալ ավելի քան 3 միլիոն մասնակիցներից բաղկացած համաշխարհային համայնքին, ովքեր իրենց սիրելի զբաղմունքը վերածել են շահութաբեր բիզնեսի:

Ի՞նչ կարող է փոխել Գործընկերային ծրագրի հասանելիությունը Հայաստանում: Ովքե՞ր կարող են մասնակցել դրան և ի՞նչ է պետք իմանալ այդ մասին: Այս հարցերում NEWS.am Tech-ին օգնել է կողմնորոշվել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ովքե՞ր կարող են մասնակցել Գործընկերային ծրագրին

Երբ Ձեր ալիքն ունենա 500 բաժանորդ, Դուք կկարողանաք հայտ ներկայացնել YouTube-ի գործընկերային ծրագրին մասնակցելու համար: Սակայն, բացի բաժանորդներից, հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է նաև ունենալ.

  • պահանջներին համապատասխանող 3 տեսանյութ և վերջին 12 ամսվա ընթացքում հանրամատչելի տեսանյութերի դիտումների 3000 վավեր ժամ;
  • կամ վերջին 90 օրվա ընթացքում հանրամատչելի Shorts-ների 3 միլիոն վավեր դիտում:

Երբ Դուք հավաքեք 1000 բաժանորդ, արդեն հնարավորություն կստանաք գումար վաստակել Ձեր տեսանյութերում գովազդի ցուցադրությունից: Դրա համար նաև անհրաժեշտ է ունենալ.

  • վերջին 12 ամսվա ընթացքում հանրամատչելի տեսանյութերի դիտումների 4000 ժամ.
  • կամ վերջին 90 օրվա ընթացքում հանրամատչելի Shorts-ների 10 միլիոն վավեր դիտում:

Ի՞նչ կտա սա բովանդակություն ստեղծողներին, բիզնեսին և սովորական օգտատերերին

Ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Սամվել Մարտիրոսյանը, Հայաստանից այն հեղինակները, ովքեր կմիանան Գործընկերային ծրագրին, կկարողանան գումար վաստակել YouTube-ի գովազդից, եթե նրանց ալիքները համապատասխանում են վերը նշված պահանջներին և պայմաններին:

Մեր երկրի շատ հեղինակներ նախկինում նույնպես փորձել են դրամայնացնել իրենց բովանդակությունը՝ գրանցվելով որպես այլ երկրի ներկայացուցիչ, որտեղ դրամայնացումը գործում էր: Բայց խնդիրն այն էր, որ եթե ալիքը նախատեսված էր հայալեզու լսարանի համար, և դիտողների մեծ մասը Հայաստանից էր, ապա նրանց համար գովազդ չէր ցուցադրվում, և դրամայնացումը նորմալ եկամուտ չէր բերում. հեղինակները կարող էին եկամուտ ստանալ միայն արտերկրի, օրինակ՝ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի դիտումներից:

Այժմ նման խնդիր այլևս չի լինի. հայ հեղինակները կկարողանան եկամուտ ստանալ տեղացի օգտատերերին ցուցադրվող գովազդից: Սա վերաբերում է թե՛ սեփական բովանդակություն ստեղծող անհատներին, և թե՛, օրինակ, լրատվամիջոցներին, որոնց համար դրամայնացումը կարող է որոշակիորեն ամրապնդել ֆինանսական անկախությունը:

Ավելին, ինչպես նշեց Մարտիրոսյանը, երբ դրամայնացումը պաշտոնապես սկսի գործել Հայաստանում, հայաստանյան բիզնեսը նույնպես հնարավորություն կունենա գովազդ տեղադրել YouTube-ում: Նրանց վճարած գումարի մի մասը կգնա հարթակին, իսկ մյուս մասը՝ բովանդակություն ստեղծողներին:

«Մի կողմից սա շուկա է բացում տեղական գովազդատուների համար, մյուս կողմից՝ բովանդակություն ստեղծողների համար. նրանց կվճարեն իրենց աշխատանքի համար», — նշեց մասնագետը:

Իսկ ահա սովորական դիտողները ինչ-որ առումով կտուժեն, որովհետև նրանց համար այժմ ամենուր կսկսի հայտնվել գովազդ, որը նախկինում չկար:

«Հիմա այդ առումով Հայաստանում «մաքուր» է. Դուք կարող եք հանգիստ, օրինակ, սկզբից մինչև վերջ լսել Բեթհովենի Յոթերորդ սիմֆոնիան՝ առանց ընդհատումների: Հիմա ստիպված կլինեք շեղվել գովազդի պատճառով», — նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Այնուամենայնիվ, այս խնդիրը նույնպես լուծում կունենա. հնարավոր կլինի ձևակերպել YouTube Premium վճարովի բաժանորդագրություն, որը հնարավորություն է տալիս դիտել բովանդակությունն առանց գովազդի:

Share.